ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ. ադրբեջանական գյուղերի վերադարձը կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար
Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման հիմնական գործոնը Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական գյուղերի վերադարձն է։
Այդ մասին Caliber.Az-ին ասել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ահմեդ Յըլդըզը։
Նա ընդգծել է, որ Ղազախի շրջանի չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու շուրջ պայմանավորվածության ձեռք բերումն առաջին հերթին պատմական հնարավորություն է հենց Հայաստանի համար:
«Պետք է նշել, որ Հայաստանը գիտակցել է իր պատասխանատվությունը և շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Սա, առաջին հերթին դրական ազդեցություն կունենա այդ երկրի տնտեսության վրա»։
Ահմեդ Յըլդըզն ընդգծել է, որ այս հարցերը լայնորեն քննարկվել են, երբ նա ղեկավարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) թուրքական պատվիրակությունը:
«Թուրքիան, ադրբեջանական պատվիրակության հետ միասին, շատ է քննարկել այդ հարցերը Եվրոպայի խորհրդում։ Շատ է խոսվել Ադրբեջանի նկատմամբ իրականացված անարդարության մասին։ Թուրքիան իր սկզբունքային դիրքորոշմամբ կարևոր դեր է խաղացել բազմաթիվ խնդիրների լուծման գործում, և դրանցից մեկը Հարավային Կովկասի տարածաշրջանում մշտական խաղաղության վերականգնումն է»: